02/11/2023 10:17
«Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։ Ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 000 000 դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ կկազմակերպի մարդասիրական օգնության ձեռքբերումը, փաթեթավորումն ու բաշխումը շահառուներին։
Հուշագիրը վավերացրել են «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և Հայկական կարմիր խաչի ընկերություն ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Կողմերը կարևորել են կորպորատիվ համագործակցության դրսևորումը՝ որպես մարդասիրական ճգնաժամի սպառնալիքներին ու իրավիճակներին պատշաճ արձագանք, ինչպես նաև մարտահրավերներին հասցեական լուծումներ տալու հարցում մասնավոր սեկտորի սոցիալական պատասխանատվությունը։
Նշենք, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը վեց ամսով ստանձնել է նաև Բյուրականի աստղադիտարանի հյուրատանն ապաստանած Արցախից բռնի տեղահանված մեր 40 հայրենակիցների կեցության և կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների ֆինանսավորումը: