02/11/2023 10:25
Շատ ծանր է գիտակցել, որ այլևս վերադառնալու տեղ չկա. արցախցի Արթուր Առուշանյան
Կիոկուշին կարատեի աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը սեպտեմբերի 27-ից ընտանիքի հետ Երևանում է, բայց մինչև հիմա հոգեբանական առումով դժվարությունները հաղթահարել չի հաջողվում:
ArmSport-ի հետ զրույցում Առուշանյանը պատմել է Ստեփանակերտը լքելու, Հայաստանում ինտեգրման և այլ հարցերի մասին:
«Ժամանակ է պետք ամբողջ տեսածի և մտքերի հետ համակերպվելու համար: Առաջին պատերազմը չէ, որով անցում եմ, բայց շատ ծանր է գիտակցել, որ այլևս վերադառնալու տեղ չկա: Այնպես, որ մեկ օր լավ ես, մեկ օր՝ վատ: Էմոցիոնալ առումով իսկապես շատ բարդ է», - խոստովանել է Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Արթուր Առուշանյանը և նշել՝ Արցախից դուրս գալն ամեն օր հետաձգում էր։
«Հասկանում էի, որ դրանք վերջին րոպեներն էին: Դրանից առաջ էլ Ստեփանակերտի բենզինի պայթունի հետևանքով տուժածներին էի օգնում թե՛ դեպքի վայրում, թե՛ հիվանդանոցում: Երբ լսեցի պայթյունի ձայնը, մտածեցի՝ ամպրոպ է: Այդ օրն անձրևային էր, կայծակ էր: Հետո իմացա, որ պայթյուն է եղել, բայց չէի պատկերացնում, որ այդքան լուրջ է: Ընկերներ ունեի, որոնք տուժել էին պայթյունից», - պատմել է Առուշանյանը:
Այդուհանդերձ, ընտանիքի անդամների ու բարեկամների հետ սեպտեմբերի 27-ին որոշել են լքել Արցախն ու 25 ժամ տևած ուղևորությունից հետո հասել Հայաստան:
«Կոռնիձոր հասնելուց հետո շատ հուզիչ էր տեսնել, թե Հայաստանում մարդիկ ինչպես էին մեզ դիմավորում, ինչ սրտացավությամբ և հոգատարությամբ: Գորիսում առաջինը մի խանութ մտա՝ երեխային սնունդ գնելու: 9 ամիս չենք իմացել, թե խանութն ինչ է: Դիմանում էինք այն հույսով, որ պետք է լավ լինի, բայց փաստն այն է, որ ամբողջ աշխարհը շատ հանգիստ հետևում էր ցեղասպանության մի փուլի ու կոչերից բացի ոչինչ չէր անում: Իսկապես, եկել եմ այն մտքին, որ Հայաստանը ոչ թե առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, այլ միակը: Հիմա տեսնում ենք, թե ինչպես է ամբողջ մուսուլմանական աշխարհն աջակցում Պաղեստինին, իսկ Հայաստանի աջակցությանը ոչ մի քրիստոնեական ազգ չմիացավ»,- ասել է Արթուր Առուշանյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։