02/11/2023 12:46
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանեց՝ ինչու են աշխատանքից ազատել Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին (Տեսանյութ)
Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա և, բնականաբար, բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլերը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելուն՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգն ու հրամանը.«Ցանկացած տնօրեն, ով արձակուրդ կամ գործուղման է մեկնում, նախարարի հրամանով ունենում է դա իրացնելու իրավունքը։ Եթե այդ հրամանն առկա չէ... Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու գործընթացներով է այդ գործուղումն իրականցվել՝ կա հստակ հրաման, բայց այդ հրամանը չի եղել»։
Անդրադառնալով այն հարցին, թե նախարարն ուզում է իր մտերիմին այդ պաշտոնում նշանակել, ինչպես իրեն, ով Անդրեասյանի ընկերուհին է՝ Սվաճյանը պատասխանեց, որ դրանք անձնական մեկնաբանություններ են և որևէ հիմք չունեն.«Ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով։ Ընկերությունը մեծ հասկացություն է։ Ես տիկին Անդրեասյանի հետ որևէ առնչություն չեմ ունեցել»։