02/11/2023 20:46
«Ծուղակում հայտնված բնակչության միտումնավոր սպանդ է». Անջելինա Ջոլին Իսրայելին մեղադրել է Գազայի ռմբակոծության համար
Դերասանուհի Անջելինա Ջոլին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները բնորոշել է որպես «ծուղակում հայտնված բնակչության միտումնավոր սպանդ»:
Ինստագրամում Ջոլին տեղադրել է Գազայի հյուսիսում իսրայելական ռմբակոծության հետևանքները պատկերող լուսանկար և կից գրառում է արել․ «Գազան շուրջ երկու տասնամյակ եղել է բացօթյա բանտ և արագորեն վերածվում է զանգվածային գերեզմանոցի: Սպանվածների 40%-ը անմեղ երեխաներ են։ Ընտանիքներ են սպանվում։ Մինչ աշխարհը հետևում է սրան, բազմաթիվ կառավարությունների ակտիվ աջակցությամբ միլիոնավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ՝ երեխաներ, կանայք, ընտանիքներ, անմարդկային տանջանքների են ենթարկվում՝ միաժամանակ զրկվելով սննդից, դեղորայքից և մարդասիրական օգնությունից, ինչն ընդդեմ միջազգային իրավունքի է: Հրաժարվելով մարդասիրական նկատառումներով հրադադար պահանջելուց ՝ համաշխարհային առաջնորդները մեղսակից են դառնում այս հանցագործություններին»։