«Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթևի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է․ «Գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիստներով շրունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներ:
Երեկ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ պատգամավորը խախտելով պատգամավորի վարքագծի կանոնները՝ ծայրաստիճան ատելության տարածմամբ ոտնահարեց Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտեց և վիրավորեց արդեն բացառիկ լկտիությամբ: Բացառիկությունն արտահայտվեց նրանում, որ անգամ պատգամավորին որևէ կերպ չկաշկանդեց ՄԻՊ-ի ներկայությունը:
Պատգամավորական լկտիությունն անմիջապես ընդունեցին ու շարունակեցին իշխանական ակտիվիստները: Ատելություն տարածելու հանձնարարությունը նրանք «պատշաճ» ստացան և սկսեցին նոր թափ հաղորդել արդեն 1 ամիս շարունակվող ծայրահեղ ատելության տարածմանը:
Բացահայտված ակտիվիստներից որոշները նույնիսկ համարձակվում են վիրավորական, զրպարտչական և արատավորող տեղեկություններ տարածել Տաթև Արցախի փաստաբաններին, ինձ և Իրմա Ճաղարյանին:
Հատուկ ընդգծում եմ, որ այս վերջին գործողությունը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:
Իմ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները՝ իշխանության կողմից այսպիսի վարքագիծն օրենքով սահմանված կարգով կանխելու, արդեն կատարված հակաօրինական արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ», - գրել է փաստաբանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: