02/11/2023 11:58
Բավականին մեծ հոսք կա. ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներն ու քույրերը դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Փաշինյան
Արդեն բավականին մեծ հոսք կա։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներն ու քույրերը դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք, իհարկե, ինքն ունի որոշակի օրենսդրական նրբություններ, որոնք պետք է պահպանվեն։ Այստեղ կառավարությունը և պետական մարմինները պետք է հնարավորինս արագ աշխատեն։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խախտումներ չառաջացնենք։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում», - ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ հումանիտար աշխատանքների շրջանակներում առաջիկայում սպասվում է 50+50 ծրագրի իրագործումը և հետագայում՝ նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալուց հետո, կենսաթոշակառուների թոշակների հարցի լուծում։