02/11/2023 10:02
«Ժողովուրդ». Արցախի բռնազավթումից հետո ինչո՞ւ ՀՀ-ում Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ չեն հրավիրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված պատգամավորներից հետաքրքրվել՝ ինչու Արցախի բռնի զավթումից հետո ՀՀ-ում Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ չեն հրավիրում և ինքնորոշման հարց բարձրացնում: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, մեր այս հարցին ի պատասխան, ասաց, որ դեռ փակ քննարկումներ են ունենում միայն:
«Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կա՛մ պատգամավորները, կա՛մ ԱԺ ղեկավարությունը, բայց այս պահին դեռ փակ քննարկումներ են տեղի ունենում Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով. շատ հարցեր դեռ ոչ հրապարակային են քննարկվում»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում հրապարակային շատ բան ասել չեն կարող. «Ժամանակը կգա, կխոսենք, հիմա շատ բան չենք կարող դեռ խոսել. եթե հրապարակային լիներ, կխոսեինք»:
Նկատենք, որ Արցախի բոլոր պատգամավորները միաբերան ասում են, որ հիմա դեռ փակ քննարկումների մեջ են: Տպավորություն է, որ նրանք ինչ-որ բանի են սպասում և առաջիկայում հստակ քայլեր նախաձեռնելու մտադրություն չունեն»։