02/11/2023 19:28
«Հենց հիմա մեր հարևան համայնքների հետ սահմաններն ենք ճշգրտում»․ Ավինյանն ազդարարեց Երևանի և համայնքների «սահմանազատման» մասին
Նախաձեռնվել է Երևանի և հարևան համայնքների սահմանների ճշտման գործընթաց, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է իր սահմանների ճշտման գործընթաց՝ հարևան համայնքների հետ: Մենք սա անում ենք, որ օնլայն քարտեզի վրա Երևանն իր ճշգրտված սահմաններով արձանագրվի, և այդ օնլայն քարտեզի վրա տեղադրվի նոր նախագծվող՝ Երևանի գլխավոր հատակագիծը, գլխավոր հատակագծի վրա տեղադրվեն հետագայում իրականացվող գոտիավորման նախագծերը»,- ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ այդ գոտիավորման նախագծերը կնպաստեն, որ «սահմանների ճշտումների տարաձայնություններ չլինեն»։
«Երբ մենք ունենանք օնլայն քարտեզի վրա գոտիավորման նախագծեր, որը մեզ համար և Կադաստրի կոմիտեի համար նույնական է, մենք խնդիր չենք ունենալու մեր ու Կադաստրի կոմիտեի միջև՝ սահմանների ճշտումների տարաձայնությունների, որովհետև ունենալու ենք նույնական բազա»,-ասաց Ավինյանը՝ հավելելով․ «Հենց հիմա մեր հարևան համայնքների հետ սահմանների ճշգրտման գործընթացում ենք գտնվում»։