02/11/2023 18:07
Փաշինյանը Էստոնիայի խորհրդարանական պատվիրակության հետ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն է քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին` Մատի Ռայդմայի գլխավորությամբ, տեղեկացնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ»: