02/11/2023 16:23
Արցախցիներին խորհուրդ եմ տալիս բացառել ՀՀ քաղաքացիություն ստանալը․ դա ապազգային է և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի համար․ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
2020թ.-ին 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տեղահանված շուրջ 21 000 արցախցիներ սեպտեմբերից ոչ միայն աջակցության, այլև հասանելիք պետական որևէ գումար չեն ստացել։
«Մայիս ամսից սկսած՝ ամսական 40 000 դրամ պետական աջակցության գումարները չենք ստացել, իսկ սեպտեմբերից սկսած՝ նպաստներն ու թոշակները չեն վճարել։ Նույնիսկ մարդիկ իրենց երեխաների խնամքի նպաստը չեն ստացել։ Այսինքն՝ 4 ամիս մեզ պարտք էին, հիմա եղավ 6 ամիս։ Մտադրություն էլ չունեն տալու, քննարկումներ էլ չեն անում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Հադրութից տեղահանված Լևոն Հայրյանը։
Նա նշեց, որ երբ պահանջում են՝ պատասխանը նույն է, դեռ ոչ մի բան չգիտենք։ «Պատճառաբանում են, որ այդ ծրագրերը ձեզ համար անում էր Արցախի կառավարությունը, հիմա որ Արցախի կառավարությունը չկա, իրենք չգիտեն՝ ինչ անեն։ Գործից տոտալ անտեղյակություն է։ Ոչ պրոֆեսիոնալիզմն այս իշխանության բրենդն է դարձել», - ասաց նա։
Ըստ Հայրյանի՝ պարզ հաշվարկ է՝ 144 մլրդ ամեն տարի փոխանցում էին Արցախի Հանրապետությանը։ «Թոշակներն ու երեխաների խնամքի նպաստներն ամսական ընդամենը 2 մլրդ է կազմում, այսինքն՝ ամսական այն 144-ի փոխարեն, եթե 20 մլրդ տրամադրեին՝ ամբողջ տարին այդ հարցը կփակվեր, իրենք էլ ժամանակ կունենային մտածելու։ Պարզապես այս կառավարությունը հակամարդկային և ոչ պրոֆեսիոնալ կառավարություն է», - ասաց նա։
Ըստ նրա՝ այս կերպ փորձում են արցախցիների խեղճացած վիճակից օգտվել։
«Ոչ մի հումանիտար հարց առանց քաղաքականության չի առաջանում և ոչ մի հումանիտար հարց առանց որևէ ճիշտ քաղաքականության չի լուծվում։ Սխալ քաղաքականություն են ընտրել, իրենք են խճճվել իրենց ծրագրերի մեջ, ժողովուրդը խեղճացած վիճակում է, և իրենք էլ դրա վրա ուզում են աշխատած լինել։ Տեսեք, ասում են՝ երկու ելք կա՝ եթե ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանաք՝ կտան։ Բայց ես արցախցիներին խորհուրդ եմ տալիս ոչ մի հարցում չշտապել, հետագայում բացառել ՀՀ քաղաքացիություն ստանալը, որովհետև դա ապազգային է և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի համար, Արցախը ջնջելու որոշում է», - ասաց նա և հավելեց, որ նույնիսկ հակամարդկային է թոշակ, երեխայի նպաստ չտալը։
Ընդգծում է՝ ՀՀ կանոնադրության մեջ գրված է թոշակ ստանալու իրավունք ունի և՛ ՀՀ քաղաքացին, և՛ երկքաղաքացին, և՛ քաղաքցիություն չունեցող անձն անգամ։
ՀԿ նախագահը նշում է, որ փախստականի կարգավիճակ տալու որոշումը միտված է Արցախի հայության գաղափարը ջնջելուն, նրանց իրավունքերն ու պահանջները վերցնելուն։
«Այսինքն՝ իրենք ուզում են ճնշումների միջոցով Արցախի քաղաքականությունը ջնջել։ Պարզ հարց է՝ Հայաստանին, հայ ժողովրդին պետք չի այդ քաղաքացիությունը ջնջելը, ոչ մի բան չի տալիս, ուրեմն՝ ինչո՞ւ են ուզում ջնջել, դրսի պատվեր են կատարում, առաջին հերթին՝ ռուսի, ապա թուրքի», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ժամանակին ինքը չէր պահանջո՞ւմ փախստականի կարգավիճակ՝ Հայրյանը պատասխանեց. «Ես, երբ փախստականի կարգավիճակ էի պահանջում, նախ՝ քաղաքական նկատառումով, որ Արցախի հարցը չփակվի, տեսնեն, որ փախստականներ կան, որ ՀՀ-ից չգնանք, համայնք ստեղծենք, մեր ինքնությունը պահենք, բայց էս կարգի փախստականի կարգավիճակ չէի ուզում։ Հիմա սրանք տվել են մեզ փախստականի կարգավիճակ ոչ թե մեր հարցերը լուծելու համար, այլ մեր հարցերը փակելու համար, որ վատ վիճակում դնեն, ժողովրդի կեսը փախչի։ 10 000-ն արդեն դուրս են եկել, ինձ թվում է՝ կառավարությունում հենց հիմա նստած ուրախ-զվարթ մարդիկ կան, որ հաշվում են, թե որքան են դուրս գալիս, դրա համար էի բարձրացնում»։