02/11/2023 10:00
«Հրապարակ». ԱԺ բակում սրճարանի կառուցումը դադարեցվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս ամռան ամիսներին լրագրողները ֆիքսել էին, որ Ազգային ժողովի բակում՝ ծառերի տակ, սրճարան են սկսել կառուցել. հողային աշխատանքներ էին տարվում։ ԱԺ-ից ասել էին, որ խորհրդարանում գործող ճաշարանն են ընդլայնում, որն իբրև թե չի բավականացնում։ Սակայն կարճ ժամանակից շինաշխատանքները դադարեցին։ Պարզվում է՝ ԱԺ-ն միակողմանիորեն լուծել է մրցույթում հաղթող «Լիդեր-քոնսթրաքշն» շինկազմակերպության հետ կնքած պայմանագիրը։ Պատճառն անբարեխիղճ աշխատանքն է եղել, ժամկետների խախտումը։ Ավելին՝ ԱԺ-ն այս ընկերությանը սև ցուցակ է գցել, որ այլևս տենդերների չմասնակցեն։ Պայմանագիրը, ապա համաձայնագիրը կնքել էին սեպտեմբերին, վերջնաժամկետ էր սահմանվել 30 օրը, այսինքն՝ հոկտեմբերի 14-15-ին աշխատանքը պետք է ավարտեին։ Մինչդեռ ԱԺ աշխատակազմի կողմից պայմանագրի լուծման գրության մեջ ասվում է․ «Կատարողի կողմից հոկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքները դեռ չեն սկսվել»։ Այս հիմքով էլ պայմանագիրը լուծարվել է, և շինարարից փոխհատուցում են պահանջել։
Ուշագրավ է, որ ամռանն ԱԺ-ից հայտնել էին, որ սալիկապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, որի հետ էլ պայմանագիր են կնքել, արժեքը՝ 4 մլն 686 հազար 684 դրամ։ Երեկ ԱԺ-ից մեզ պարզաբանեցին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր և՛ հիմքը փորելու, և՛ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, և ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի նոր՝ սալիկապատման մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը»։