02/11/2023 21:54
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը կարող է հասնել 2 տրիլիոն դոլարի․ The New York Times
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն էլ ավելի սրվելու պարագայում համաշխարհային տնտեսական կորուստները կարող են հասնել 2 տրիլիոն դոլարի, The New York Times-ին տված հարցազրույցում կանխատեսել է խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Ernst & Young-ի EY-Parthenon մասնաճյուղի գլխավոր տնտեսագետ Գրեգորի Դակոն։
Տնտեսագետի խոսքով՝ վատագույն սցենարի դեպքում, եթե ռազմական գործողություններն ընդգրկեն ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանը, կարող է սկսվել «մեղմ ռեցեսիա», իսկ նավթի գները, հավանաբար, կբարձրանան՝ մեկ բարելի դիմաց հասնելով 150 դոլարի
«Նման սցենարի դեպքում համաշխարհային տնտեսության վնասները բավականին լուրջ կլինեն»,- ասել է տնտեսագետը։
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի տեղակալ Այհան Քոսեն էլ The New York Times-ին ասել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները միայն այդ տարածաշրջանի վրա չեն տարածվի, ընդհանուր էներգետիկ շուկան ահռելի խնդիրների կբախվի։
Պարբերականը ներկայացրել է նաև Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի տնօրեն Ջեյսոն Բորդոֆի տեսակետը, համաձայն որի համաշխարհային տնտեսությունում անորոշ ու մտավախությունների տեղիք տվող իրավիճակ է ստեղծվել, այս ֆոնին հակամարտության էսկալացիան ձեռնտու չէ համաշխարհային շատ դերակատարների, այդ թվում՝ Պարսից ծոցի պետությունների համար։