02/11/2023 17:22
Ավարտվել է Երևանում ակցիաներին ոստիկանի գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի նախաքննությունը. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023թ. սեպտեմբերի 21-ին' ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացնելու միտումով դուրս են եկել Երևան քաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, փակել ճանապարհների երթևեկելի հատվածը' խոչընդոտելով երթևեկությանը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով ոստիկանության աշխատակիցները, մոտենալով հիշյալ քաղաքացիներին, անհնազանդությունները դադարեցնելու և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու օրինական պահանջ են ներկայացրել: Սակայն, քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, իսկ երբ վերջիններս, շղթա կազմելով, փորձել են նրանց դուրս բերել ճանապարհահատվածից, 24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ. դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին' պատճառելով մարմնական վնասվածք։
Այնուհետև, դեպքի վայրում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է օրինախախտում կատարող քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, իսկ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: