02/11/2023 17:43
«Ապացույցներն անհերքելի են»․ Amnesty International-ը հաստատել է՝ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել Գազայում
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու փաստը։
«Մեր ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցներն անհերքելի են»,- հայտարարել է Amnesty International-ի ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան՝ բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ իսրայելական բանակի անհամաչափ գործողությունների և զանգվածային ռմբակոծությունների հետևանքով հազարավոր երեխաներ են մահացել։
«Ապշեցուցիչ է միջազգային հանրության անգործությունը՝ այսպիսի մեծության աղետի և մարդասիրական ճգնաժամի պայմաններում»,- ասել է նա։
Ավելի վաղ էլ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էր հաստատել Իսրայելի կողմից Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը։