03/11/2023 09:55
«Ժողովուրդ». Աշտարակի բնակիչները չեն կարողանում կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, թե ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել սեփական համայնքի ղեկավար հանդիսացող Թովմաս Շահվերդյանի հետ:
Պարզվում է՝ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջը թույլ է տալիս միայն հետևել հրապարակումներին, հաղորդագրություն գրելու հնարավորությունը փակ է: Եթե բնակիչները որևէ խնդիր կամ հարց ունեն, չեն կարող կապի դուրս գալ համայնքի ղեկավարի հետ, քանի որ Թովմաս Շահվերդյանի հեռախոսահամարը, սոցիալական էջերը, բոլոր հասանելի խողովակները վերջին աղմկահարույց դեպքերից հետո փակ են բոլորի առջև: Մնացել է փոստային առաքանու տարբերակը և այցը համայնքապետարան՝ Աստծո հույսով, որ կընդունի համայնքի ղեկավարը բնակչին և կլսի նրանց:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի ճանապարհին: Մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Մասնավորապես՝ կրակոցները եղել են հողի թեմայի շուրջ, և հաշիվներ պարզելուն ներկա են եղել համայնքի ղեկավարը և տեղակալը:
Հավելենք, որ ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ երկրպագու հանդիսացող Թովմաս Շահվերդյանը նախկինում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ»։