03/11/2023 15:52
«Ինձ ողջերի մեջ փնտրեք, ես մեռած չեմ, գերության մեջ եմ»․ Արմինեից սեպտեմբերի 25-ից լուր չկա...
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների պատմությունները որքան իրար նման՝ նույնքան տարբեր են։ Նման են ճակատագրով, տարբեր է, սակայն, պատմությունների բովանդակությունը։
Արմինե Պապիկյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ից զավակների կողմից որոնվում է։ Դուստրը՝ Լաուրան, MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ այդ օրը հավաքել էին անհրաժեշտ իրերը և սպասում էին պետության կողմից հատկացվելիք վառելիքին, որ դուրս գան Ստեփանակերտից։
«Այդ օրը ասացին, որ «Մռակած» լցակայանում վառելիք են տալիս։ Միայն դա քննարկվեց տանը, հետո մաման առանց մեզ տեղյակ պահելու, հեռախոսը թողել է տանը դուրս եկել, այդպես առ այսօր որևէ լուր չունենք։ Մեր ծանոթներից մեկն ասաց, որ մորս տեսել են Հայկազովի վառելիքի պահեստի տարածքում, դե հետո գիտեք՝ պայթյունը եղավ»։
Լաուրայի հայրն էլ մի քանի տարի առաջ է մահացել։ Հիմա քույր ու եղբայր փնտրում են մորը, անհետ կորածների ցուցակներն են քրքրել, Երևանի բոլոր բուժհաստատություններն ու դիահերձարաններն են նայել, ամեն օր հետևում են ադրբեջանական կայքերին՝ «գոնե գերի լինի» ասում են, բայց Արմինեից լուր չկա։ Մեկ ամիս է՝ սպասում են ԴՆԹ թեստի նույնականացման պատասխանին։
«Այդ օրը ժամը 16։00-ի հատվածում մաման վերցրեց անձրևանոցը, ասաց դու ճանապարհի հացը թխի, ես գնամ մեր թաղի լցակայանում բենզինի հերթ կանգնեմ։ Երբ դարձավ ժամը երեկոյան 7-ը, իսկ նրանից լուր չունեի, դուրս եկա ոտքով գնացի դեպի լցակայան, մտածում էի մեր թաղամասում է։ Տեսել եմ մարդիկ վա՜յ-վա՜յ գոռալով բարձրանում էին, շտապ օգնության ու փրկարար ծառայության մեքենաներն էին արագ քշում, հարցրեցի, ասացին՝ պահեստում պայթյուն է եղել։ Մի կերպ հասել եմ դեպքի վայր, առաջին անգամ էի այդ տեղանքում, հետո անծանոթ մեքենայով բարձրացել եմ հիվանդանոց, ոչ մի տեղ չկար», - պատմել է Լաուրան։
Սեպտեմբերի 27-ին քույր ու եղբայր տատիկի հետ ստիպված պետք է դուրս գային քաղաքից։
Աննկարագրելի ապրումներով դժվար ճանապարհը բերեց Հայաստան։ Այստեղ զավակների որոնումների ընթացքում տիկին Արմինեն մի քանի անգամ Լաուրային այցելել է երազում։
«Զարմանալի բան է, ամեն անգամ երազը նույն բովանդակությունն ուներ, մաման ասում էր` ինձ ողջերի մեջ փնտրեք, ես մեռած չեմ, գերության մեջ եմ, ասեք բոլորին, որ գերի եմ»: Եվ հիմա Լաուրան չգիտի՝ ի՞նչ անի, ո՞ւմ դիմի։ Մի քանի գերատեսչությունից բացառել են պայթյունի տարածքից վիրավորներին Ադրբեջան տեղափոխելու հավանականությունը։ Իսկ Լաուրան ու եղբայրը հավատում են ու սպասում տիկին Արմինեի վերադարձին...