03/11/2023 14:38
ԼՂ-ից տեղահանված հազարավոր փախստական երեխաներ հոգեբանական ծանր վիճակում են, զգալի մասը՝ թերսնված․ Լուսանկարներ
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից մեկ ամիս անց 30 000 երեխա փախստական է Հայաստանում։ Այս երեխաները կորցրել են ամեն ինչ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմերը տեղում աշխատում են՝ աջակցելու նրանց և բուժելու նրանց տրավմաները։ ԼՂ-ից բռնի տեղահնված երեխաների խնդիրներին առանձին զեկույցով անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Զեկույցում պատմում են 11-ամյա Վիկայի, 8-ամյա Արմենի, 13-ամյա Հարութի, 14-ամյա Վահեի, նրանց մոր՝ Մելանյայի, տատիկի՝ Սեդայի մասին. «Ընտանիքը խորը ողբերգություն ապրեց, երբ նրանց հայրը՝ Սեդայի որդին, մահացավ գազալցակայանի պայթյունից։ Նա փորձում էր վառելանյութ ստանալ, որպեսզի լքեին տարածաշրջանը և գնային Հայաստան։ Այս ընտանիքն այժմ կորցրել է ամեն ինչ։ Նա այժմ ժամանակավոր կացարանում է ապրում Հայաստանի հարավ-արևելքում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում»:
Ըստ զեկույցի՝ Հայաստան ժամանած հազարավոր երեխաներ հոգեբանական ծանր վիճակում են։ «Գորիսում նրանց դիմավորող սոցիալական աշխատողները նկարագրում են անհանգիստ, տխուր և վախեցած երեխաներին։ Նրանցից ոմանք դարձել են ճնշված և մեկուսացված»։
Նշվում է, որ Գորիս քաղաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, ստեղծել է «Երեխաների համար հարմար տարածք»: Այն ամեն օր ընդունում է ավելի քան 300 երեխայի՝ իրենց ծնողների հետ։ Այս ապահով տարածքը թույլ է տալիս նրանց խաղալ և, անհրաժեշտության դեպքում, օգտվել մանկական խորհրդատվությունից։ Մայրերը նույնպես կարող են հանգստանալ այնտեղ և գտնել հոգեբանական աջակցություն:
«Միջնաժամկետ հեռանկարում նախատեսում ենք ստեղծել 7 լրացուցիչ տարածք Սյունիքի մարզում՝ երկրի հյուսիսում։ Բացի այդ, 80 սոցիալական աշխատողներ վերապատրաստվել են երեխաների պաշտպանության գործերը վարելու համար»։
Տեղեկացվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Առողջապահության նախարարության հետ՝ ապահովելու, որ փախստական երեխաները հնարավորինս շուտ ընդգրկվեն պատվաստումների ծրագրերում: «Մենք տեղակայել ենք 20 շարժական խնամքի բաժանմունք՝ մանկաբույժներով, բուժքույրերով և հոգեբաններով, որոնք կարող են բավարարել 10 000 երեխայի կարիքները: Բացի բժշկական խորհրդատվություններից, այս ստորաբաժանումներն առաջարկում են հոգեբանական աջակցություն և սննդային խորհրդատվություն:
Նշվում է, որ փախստական երեխաների մի զգալի մասը թերսնման նշաններ է ցույց տալիս։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը և նրա գործընկերները անհրաժեշտ ռեսուրսներ են կիրառել այս երեխաների մոնիտորինգի, ախտորոշման և խնամքի համար: Մինչ օրս մենք տրամադրել ենք 3000 սննդի փաթեթ և 1500 բուժական սննդի պարկ»։
Նաև նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Կրթության նախարարության հետ, որպեսզի փախստական երեխաներին հնարավորություն տրվի վերադառնալ դպրոց: «Մինչ օրս նրանցից դպրոց է վերադարձել 16 336-ը կամ դպրոցական տարիքի երեխաների 78%-ը։ Բացի այդ, մենք տրամադրել ենք կրթական փաթեթներ ավելի քան 1400 երեխաների համար, իսկ փոքրիկների համար՝ զբաղմունքների փաթեթներ: Ընթացքի մեջ է 2000 հավելյալ երեխաների կարիքները հոգալու համար դպրոցական պայուսակների և դպրոցական պարագաների գնումը։ Մենք պատրաստվում ենք ընդլայնել հյուրընկալող դպրոցներում առկա տարածքները՝ հնարավորինս շատ աշակերտներ ընդունելու համար»: