04/11/2023 21:26
«Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»․ Բերբոքը՝ Բայրամովին
Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։
«Տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում, Գերմանիան ու ԵՄ պատրաստ են շարունակել աջակցել կողմերին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- Բերբոքի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։
Աննալենա Բերբոքի ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից նկատելի են «շատ դրական ազդակներ»։
Հիշեցնենք՝ երեկ Երևանում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ առկա են լուրջ մտավախություններ, քանի որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։
Բերբոքն իր հերթին հայտարարել էր՝ Գերմանիան ու ԵՄ-ն «ազնիվ միջնորդ են» ՀՀ և Ադրբեջանի համար։
Նա նշել էր նաև, թե մտադիր են ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, սակայն այդ առաքելության գործունեությունը «պետք է շահավետ լինի նաև Ադրբեջանի համար»։