04/11/2023 16:34
«Եթե Երևանում դեռ շահագրգռված են լուծել իրենց իսկ ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա դրա հնարավորությունն ունեն՝ սեփական իրավական դաշտի շրջանակում»․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հակադարձել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը, թե Հռոմի ստատուտի վավերացումից ամիսներ առաջ Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի Միջազգային քրեական դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն ՌԴ-ից պատասխան չի ստացվել:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- խնդրի վերաբերյալ Lenta.ru-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Ռուսատանի արտգործնախարարույունից։
«Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չեղարկելու մասին առաջարկ Մոսկվան Երևանին ներկայացրել է նախքան ՀՀ ԱԺ կողմից դրա վավերացումը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման: Այդպիսի պրակտիկա գոյություն ունի։ Ցավոք, մեր փոխզիջումային առաջարկներն անտեսվել են»,- ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ նշել է նաև, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է ընդունել Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումը։
«Եվ եթե Երևանում շահագրգռված են սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, Հայաստանի իրավական համակարգի տիրույթում դրա հնարավորությունները կան»,- հավելել են գերատեսչությունում: