04/11/2023 14:22
Վահան Կոստանյանը Աբու Դաբիում ներկայացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից, հայտնում են ԱԳՆ-ից։
«Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։
Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկաներին է ներկայացրել հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը ինչպես տարածաշրջանային համագործակցության, այնպես էլ միջազգային փոխադրումների համատեքստում։
Իր ելույթում Վահան Կոստանյանը նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։