04/11/2023 10:10
«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որևէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ: «Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Միայն ինքնորոշման հարց չէ, նաև մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասաց Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել:
Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ կապ հաստատել են արդյոք ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա. «Մինչ այսօր չի հաջողվել նրա հետ կապ հաստատել»»։