04/11/2023 14:16
Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։
Մեծահասակների մեկնարկը կատարվել է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ)։
Դպրոցականների մեկնարկը կատարվել է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (4 կմ)։
Հաղորդվել էր նաև, որ նույն օրը, ժամը 11․00-ից մինչև 16․30-ը միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ):
Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։
Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը։
Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը երրորդ անգամ է կանցկացվում։
Մրցաշարին մասնակցում են ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը: