05/11/2023 23:41
Գերագույն հոգևոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը․ Թաթոյան
Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը: Այդ մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին՝ ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում», - նշել է նա: