06/11/2023 22:49
Որո՞նք են աֆթոզ խոցերը և ի՞նչ ախտանշաններով են դրսևորվում
Աֆթոզ խոցերը, որը նաև կոչվում է աֆթոզ ստոմատիտ, մանր, մակերեսային ախտահարումներ են, որոնք զարգանում են բերանի փափուկ հյուսվածքների վրա կամ լնդերի հիմքում:
Ի տարբերություն հերպեսային խոցերի, աֆթոզ խոցերը չեն առաջանում շրթունքների մակերեսին և վարակիչ չեն: Այնուամենայնիվ, դրանք կարող են ցավոտ լինել և դժվարացնել ուտելն ու խոսելը:
Աֆթոզ խոցերի մեծամասնությունը մեկ-երկու շաբաթվա ընթացքում ինքնուրույն անհետանում է: Աֆթոզ խոցերի մեծ մասը կլոր կամ ձվաձև է` սպիտակ կամ դեղին կենտրոնով և կարմիր եզրագծով:
Դրանք ձևավորվում են բերանի ներսում՝ լեզվի վրա կամ տակ, այտերի կամ շուրթերի ներսում, լնդերի հիմքում կամ փափուկ քիմքի վրա: Նկատելի ախտանշաններից է ծակծկոցը կամ այրոցի զգացողությունը՝ խոցերի հայտնվելուց մեկ-երկու օր առաջ:
Կան աֆթոզ խոցերի մի քանի տեսակներ՝ փոքր, մեծ և հերպեսանման խոցեր:
Փոքր աֆթոզ խոցերն ամենատարածվածն են, և՝
սովորաբար փոքր են,
ձվաձև են՝ կարմիր եզրով,
լավանում են մեկից երկու շաբաթվա ընթացքում՝ չթողներով սպիներ:
Մեծ աֆթոզ խոցերն ավելի քիչ տարածված են, և՝
ավելի մեծ և խորն են, քան փոքր խոցերը,
սովորաբար կլոր են՝ հստակ եզրերով, սակայն կարող են ունենալ անկանոն եզրեր, երբ շատ մեծ են,
կարող են չափազանց ցավոտ լինել,
ապաքինումը կարող է տևել մինչև վեց շաբաթ և կարող է թողնել լայնածավալ սպիներ:
Հերպեսանման աֆթոզ խոցերը հազվադեպ են հանդիպում, և սովորաբար զարգանում են կյանքի ավելի ուշ շրջանում, սակայն դրանք չեն առաջանում հերպեսի վիրուսով վարակվելու հետևանքով:
Այդ խոցերը՝
կետային չափերի են,
հաճախ առաջացնում են 10-100 խոցերի խմբեր (կլաստերներ), սակայն կարող են միաձուլվել մեկ մեծ խոցի մեջ,
ունեն անկանոն եզրեր,
լավանում են մեկից երկու շաբաթվա ընթացքում՝ չթողներով սպիներ:
Պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, եթե ունեք՝
անսովոր մեծ աֆթոզ խոցեր,
կրկնվող խոցեր, երբ նորերը զարգանում են նախքան հինների ապաքինումը, կամ հաճախակի բռնկումներ,
համառ խոցեր, որոնք տևում են երկու շաբաթ կամ ավելի,
խոցեր, որոնք տարածվում են բուն շուրթերի վրա (կարմիր եզրագիծ),
ցավ, որը չեք կարող մեղմացնել ինքնօգնության միջոցներով,
ուտելու կամ խմելու հետ կապված խիստ դժվարություններ,
բարձր ջերմություն, որն առաջանում է խոցերի հետ միասին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն