06/11/2023 18:55
Ընկճվելու խնդիր չկա, պայքար է․ Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց և դուրս եկավ քրեակատարողական հիմնարկից։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ միայն ինքը չէ, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում գործող իշխանությունների կողմից։
«Գիտեք՝ ինչքան էլի մարդիկ կան շինծու մեղադրանքներով գտնվում են բանտում, այնպես որ այս առումով ես նրանցից մեկն եմ»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Պատգամավորական մանդատն օրենքի ուժով իրեն հասնելու մասին Լևոն Քոչարյանը նոր է իմացել։
«Դա ինձ համար անակնկալ էր»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ գուցե իշխանությունները որոշեն շարունակել քաղաքական հետապնդումն ու իրեն պատգամավորական մանդատից զրկելու խնդիր առաջանա, Լևոն Քոչարյանն արձագանքեց․
«Այս մարդկանցից ես ամեն ինչ էլ սպասում եմ, նրանք ամեն ինչի ընդունակ են, որովհետև այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, պարզապես զավեշտ էր»։
Նա նշեց նաև՝ ՔԿՀ-ում պահման պայմաներն այնպիսին էին, ինչպիսին բոլոր մյուսների համար են։
«Ընկճվելու խնդիր չկար։ Երբ տեսնում ես՝ ինչի համար են քեզ պահում, երբ գիտես՝ սուտ ցուցմունքի հիման վրա են ազատազրկել, իհարկե, ամենահաճելի զգացողությունը չէ, բայց նաև հասկանում ես, որ պայքար է, հասկանում ես, թե ովքեր են դիմացիններդ, ինչի են նրանք ընդունակ, և այդ առումով չես ընկճվում, շարունակում ես պայքարը, քանի որ գիտես նաև՝ մենակ դու չես, շատ ուրիշ արժանավոր մարդկանց են այսօր էլի այսպիսի ծիծաղելի մեղադրանքներով ամեն գնով պահում բանտերում»,- ասաց Լևոն Քոչարյանը։