06/11/2023 13:04
Ամեն ինչ արվում է, որ փակվի Արցախի հիմնախնդիրը, բայց ո՛չ ես, ո՛չ Էդմոն մարուքյանները չեն կարող փակել Արցախի հարցը. Մետաքսե Հակոբյան
Արցախի պետական ինստիտուտները՝ անկախ նրանից, իրենք թույլ կտան, թե թույլ չեն տա՝ կան և գործելու են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»։
«Արցախի նախագահի հրամանագրով այդ ինստիտուտների ղեկավարներն իրենց գործունեությունը ծավալելու են հասարակական հիմունքներով, իսկ ԱԺ-ն որևէ մեկը ո՛չ կարող է լուծարել, ո՛չ էլ լուծարվել է։ ԱԺ-ն կա և գործելու է՝ ի շահ հայկականության, ի շահ Արցախի ու Հայաստանի, և Էդմոն Մարուքյանը չէ, որ պետք է որոշի՝ որոնք են վտանգները Հայաստանի Հանրապետության համար», - ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ նման հայտարարությունը հակահայ, հակաարցախյան, հակահայաստանյան գործչից միայն կարելի էր լսել։
«Նույն մարուքյանները թող իրենց ականջին օղ անեն, որ ազգային անվտանգության բոլոր բաղադրիչներն իրենք են խաթարել, վտանգել են և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում և, ընդհանրապես, մեր հայրենակիցների ֆիզիկական գոյությունն են իրենց քաղաքական գործունեության արդյունքում վտանգել», - ասաց նա։
Ի գիտություն ազգային անվտանգության մասին մտահոգվողների՝ ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ այստեղ ցանկացած գործունեություն ծավալելուց, ցանկացած խոսք ասելուց առաջ Արցախից յուրաքանչյուր գործիչ բազմաթիվ անգամ չափում է հնարավոր բոլոր վտանգները. «Չենք անելու որևէ քայլ, որ կվտանգի Հայաստանի Հանրապետությունը. և՛ ՀՀ-ն չպետք է վտանգել, և՛ Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի խորհրդանիշները և, ընդհանրապես, մեր հայրենակիցներին։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է ասել ազգային անվտանգություն, որովհետև մենք այդ վտանգների միջով արդեն շուրջ 5 տարի է՝ անցնում ենք իրենց քաղաքականության շնորհիվ»։
Դիտարկմանը, թե ենթադրելի՞ է, որ նրանք նաև ՀՀ կառավարության կողմից խոչընդոտների կհանդիպեն՝ Հակոբյանը պատասխանեց. «Արդեն իսկ կան, և մենք ամեն օր ենք խոչընդոտներ հաղթահարում, ի դեմս, այո՛, ՀՀ-ի իշխանության։ Գումարած դրան՝ իրենք փորձում են վախի մթնոլորտով ազդել, բայց իրենք մոռացել են հա՞, որ մենք Ադրբեջանի պատերազմական գործողությունների մեջ ենք եղել առնվազն 3 տարի շարունակ, եթե դիմակայել ենք և որոշ մարդիկ ողջ են մնացել, ուրեմն պետք է ցույց տան, որ մենք կանգ չենք առնելու։ Արցախի ազատագրական շարժումը և հայկականության հարցը մենք չենք բացել։ Դա սկսվել է 35 տարի առաջ, և մեզնից որևէ մեկը՝ ո՛չ ես, ո՛չ էդմոն մարուքյանները չեն կարող այդ հարցը փակել։ Այդ հարցը երբևէ չի փակվելու»։
Հակոբյանը նշեց, որ ընդհակառակը՝ բոլորը պետք է հասկանան, որ իրենց գործունեության արդյունքում վտանգված է և՛ ՀՀ-ն, և՛ ամեն ինչ արվում է, որ փակվի Արցախի հիմանխնդիրը։ Ուստի, մենք՝ բոլորս պետք է գործենք այնպես, որ բոլոր վտանգները կարողանանք չեզոքացնել, և թույլ չտանք, որ Արցախի հարցը փակվի», - նշեց նա։