06/11/2023 14:29
Ինչո՞ւ է տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր եղել աշխարհին. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին՝ մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.
1.Հայկական ատոմակայանի առկայություն:
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը, որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։
Այլեւս ակնհայտ է, որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։ Պարզ է, որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:
Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական», իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը, որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։
Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։
Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։