06/11/2023 18:45
Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
Լևոն Քոչարյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց և դուրս եկավ ՔԿՀ-ից։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց՝ չի ընկճվել, պայքարը շարունակվում է։
Այսօր ԿԸՀ նիստում հաստատվեց՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, նրան մանդատ տրվեց։
Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա չի կարող պահվել անազատության մեջ։
Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր. նրա նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել, մինչդեռ, տեսանյութերում երևում է, որ ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները բռնություն են գործադրում Քոչարյանի նկատմամբ։
Նա տեղափոխվել էր հիվանդանոց։ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։