06/11/2023 10:38
Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կա, ո´չ էլ՝ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կիսվել է իր տպավորություններով Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի մասին, որն այժմ Բաքվի բանտում է։
Աբրահամյանը հիշել է «լավ ու հպարտ ժամանակները», երբ գնում էին Արցախ, ընկերներին հանդիպում, տարբեր հարցեր քննարկում, համատեղ նախաձեռնություններ պլանավորում:
«Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կա, ո´չ էլ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարավորություն կա:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին 6-7 տարի է՝ ճանաչում եմ: Արցախի ու, առհասարակ, հայկական իրականության ամենապարկեշտ ու ազնիվ գործիչներից է, ով անսահման սիրում է Արցախը:
Իշխանյանի հետ շատ էինք շփվում և´ Արցախում աշխատածս տարիներին, և´ դրանից հետո:
Նրա հետ երկար կարելի էր զրուցել բոլոր թեմաներով․ մարդկային հարաբերություններից՝ մինչև քաղաքական ամենասուր իրավիճակներ։ Միշտ հավասարակշռված էր, օբյեկտիվ և իրադրությունը միշտ բազմաթիվ դիտանկյուններից էր վերլուծում:
Առհասարակ, Արցախում և Հայաստանում չեմ հանդիպել մարդու, ով, անկախ քաղաքական կողմնորոշումներից կամ դիրքորոշումներից, դրական չէր արտահայտվում Դավիթ Իշխանյանի մասին:
Իշխանյանի հետ լիքը կիսատ զրույցներ ու անելիքներ ունենք և իր վերադարձից հետո, անշուշտ, դրանց մասին խոսելու ու պլանավորելու ժամանակ կգտնենք:
Ազատությո՛ւն Դավիթ Իշխանյանին և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին` անկախ նրանից, թե ով և ինչ հանգամանքներում է հայտնվել բանտում»,- Facebook-ում գրել է Տիգրան Աբրահամյանը։