06/11/2023 12:11
«Հանգուցյալ պապս կասեր՝ էշ մի սատկի, գարուն կգա». պատասխան չկա՝ երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց հերթ ու առանց խոչընդոտ կենսաչափական անձնագրեր ստանալ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը չի կարող ասել, թե երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց հերթ ու առանց խոչընդոտ կենսաչափական անձնագրեր ստանալ։
«Կոնկրետ տարի ու ամսաթիվ ասեք», - դիմելով Ղազարյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ո՛չ, չեմ կարող ասել, որովհետև, մինչև պետություն-մասնավոր գործընկերության հիմա վրա մրցույթը չկայանա ու չիմանանք, թե կոնկրետ որ գործընկերոջ հետ ենք աշխատում ու որքան ժամանակում է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, այդ հարցին չեմ կարող պատասխանել», - ասաց Ղազարյանը։
«Հանգուցյալ պապս կասեր՝ էշ մի սատկի, գարուն կգա», - արձագանքեց Գեղամ Մանուկյանը։
Արմեն Ղազարյանն էլ նշեց, թե տասնամյակներ շարունակ Հայաստանի անձնագրային համակարգի վրա չի կատարվել ներդրում, համակարգը չի արդիականացվել։
«Այս համակարգը, որ այսքան էլ գոյատևել է, աշխատակցիների ջերմեռանդության շնորհիվ է», - ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։