06/11/2023 14:43
Ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայելով կամ մեծ գումար վճարել և չծառայել. ՔՊ պատգամավորի առաջարկը
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց՝ ծառայելով կամ որոշակի գումար վճարելով և կարճ ժամանակահատված ծառայելով, կամ մեծ գումար վճարելով և չծառայելով։
«Այսօրվա կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները հնարավորություն չունեն ծառայելու։ Եթե քաղաքացին ցանկանում է ծառայել և ազատվել քրեական պատասխանատվությունից, չունի այդ հնարավորությունը։ Կամովին ներկայանալու կամ հայտնաբերվելու դեպքում ունի միայն մեկ տարբերակ՝ ազատազրկվել մինչև 5 տարի կալանավորմամբ», - ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորն ասաց, թե 2021 թվականին ԱԺ-ի կողմից համաներում է ընդունվել բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չէին ծառայել հայոց բանակում.
«Նրանք հնարավորություն ունեցան ներկայանալու և ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ եմ այդ համաներմանը, հիմա էլ եմ դեմ»։