06/11/2023 20:00
Քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք․ ԵԽԽՎ համազեկուցողներին են ներկայացվել ՀՀ-ում «ժողովրդավարության» դրսևորումները
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:
Պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանվածների կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի եւ այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:
Հանդիպմանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ ներքաղաքական այլ զարգացումներին: