06/11/2023 11:21
Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ից 5-ը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։ Որպես նշված հանձնառությունների կյանքի կոչման լավագույն օրինակ՝ Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։
Ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակմանը և Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօր նշանակալի ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, արժանապատիվ ընդունելություն ցույց տալու և առաջնային կարիքները հոգալու նպատակով։ Այս համատեքստում կարևորվել է տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը։