06/11/2023 14:39
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը կարող են կիրառվել որպես անձը հաստատող փաստաթուղթ, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող. Արմեն Ղազարյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, դրանք որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող են կիրառվել, բայց՝ ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ, լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում՝ կառավարության մեկ որոշմամբ։
«Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը», - ասաց Ղազարյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է։
«Երևանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երևանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացվի, մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառվի», - հավելեց Արմեն Ղազարյանը։