06/11/2023 10:54
Այսօր հրաժեշտ ենք տալու Մակիչին․ թվում էր՝ Արցախի վերջին դեպքերից հետո այլևս ոչինչ չէր կարող ինձ այսքան ցավ պատճառել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այսօր հրաժեշտ ենք տալու Մակիչին։ Ինձ թվում էր՝ Արցախի վերջին դեպքերից հետո այլևս ոչինչ չէր կարող ինձ այսքան ցավ պատճառել, գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ինքս էլ ինձ վաղուց արդեն դարձվորիկ եմ զգում՝ լավ չհասկանալով՝ էս աշխարհո՞ւմ եմ ապրում, թե՞ էն, որն է իրականությունը, որը՝ ոչ։
Մակիչի հեռանալը, կարծես, ուշքի բերող ապտակ լիներ ինձ։ Գիտեի, որ այսպես է լինելու, սպասում էի այս օրվան։ Նույնիսկ ուզում էի, որ շուտ գա. Մակիչի տանջանքներին չէի կարող նայել։ Բայց միևնույն է…, ամեն ինչ մեջս փշրվեց հենց լուրը առա։
Մակիչն ինձ համար հայր էր, ավագ ընկեր, եղբայր…, ամեն ինչ։ Մեր ընտանիքի ամենահարազատ մարդկանցից մեկը։ Նա էլ մեր տնից գնաց։ Մեզանից։ Ու հիմա, թերևս, աշխարհներից լավագույնում է։ Այնտեղ, որտեղ իմ ամենասիրելիներն ու ամենահարազատներն են։
Աղոթեք Մակիչի հոգու համար, սիրելի՛ ընկերներ։ Ու թող Աստված ողորմի ձեր անցավորներին ու մեր ազգի բոլոր նվիրյալներին։
Աստծով, Մակի՛չ ջան», - նշել է նա։
Հիշեցնենք, որ ազատամարտիկ, ազգային երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել էր:
Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում: