06/11/2023 18:14
Ստամբուլի ջրամբարները ցամաքել են․ 40 օրվա ջրի պաշար է մնացել
Ստամբուլի ջրամբարներում երկուշաբթի առավոտվա դրությամբ ջրի պաշարները նվազել են մինչև 17,31 տոկոս, հայտարարել է քաղաքապետարանի ջրային տնտեսության վարչությունը, այդ մասին հայտնում է TRT Haber-ը՝ հավելելով, որ փորձագիտական եզրակացության համաձայն՝ իրավիճակը կրիտիկական է։
Milliyet-ն էլ հայտնում է, որ տեղի ջրամբարներում ջրի ընդամենը 40 օրվա պաշար է մնացել։ Ստամբուլի ջրամբարների լցվածության նորմը 868,7 մլն խմ-ն է, նոյեմբերի 4-ի դրությամբ ջրի պաշարները 17,8 տոկոս էին կազմում։
Ստամբուլի քաղաքապետարանի հայտնած տվյալների համաձայն՝ ամենաքիչ ջուրը Սեզիլդերեի ջրամբարում է մնացել՝ նորմայի 2,59 տոկոսը։
Տեղի իշխանությունները բնակչությանը կոչ են արել հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը։ Թուրքական այս քաղաքում օրական 3 միլիոն խմ ջուր է սպառվում։