07/11/2023 10:28
«Հրապարակ». Թափառող շներով զբաղվող վարչությունը պետք է զբաղվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած երկուշաբթի օրը, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստից հետո, ուշագրավ զրույց է ծավալվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի պաշտոնյաների միջև, որոնք ի պաշտոնե մասնակցում են այդ նիստերին: Մասնակցում են նաև ուժային կառույցների ներկայացուցիչները: Այդ օրը Ավինյանը սպասել է, որ վերջիններս հեռանան, նախապես քաղաքապետարանի իր ենթականերին տեղեկացրել է, որ առանձին զրույց ունի։
Ապա զգուշացրել է, թե Աստված չանի՝ իմանամ, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել ևս՝ նրա հետ հարգալից՝ «պարոն»-ով է դիմել ու կատարել հրամանները։ Իր խոսքում ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։
Բանն այն է, որ շորթման մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը` Դոգը, վերջին շրջանում կենտրոնացել է քաղաքային խնդիրների վրա և հենց ուղիղ եթերում զանգում է քաղաքապետարանի պաշտոնյաներին ու նրանց հրահանգում-սպառնում, որ եթե մինչև իր նշած ժամկետը այս կամ այն բանն արած չլինեն, լավ չի լինի: Ավինյանը շեշտել է, որ Երևանը մի քաղաքապետ ունի, և իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։ Ի դեպ, ներկաները հետո տարակուսանք են հայտնել, որ Ավինյանն ընտրվել է նաև Դոգի կուսակիցների ապահոված քվորումի շնորհիվ և առաջիկայում ավագանու շատ որոշումներ ընդունելու համար նորից նրանց քվեների կարիքը պետք է ունենա»։