07/11/2023 12:26
ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում՝ քարեր շպրտելով մեր ուղղությամբ, ՀՀ-ն դարձնելու ենք պաշտպանված ամրոց. ՈՄԱ
«Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը (ՈՄԱ) շարունակում է Հայաստանը պաշտպանված ամրոց դարձնելու իր նախաձեռնությունը՝ չնայած, Պաշտպանության նախարարության, իշխանական և ընդդիմադիր տարբեր գործիչների կողմից շահարկումներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։
«Գմբեթ 2» նախագիծն իրականացնելու համար փոխանցվող գումարների հոսքի դանդաղեցում չկա, թեև մեզ վրա տարբեր տեղերից են քարեր շպրտում, բայց, միևնույն է, մարդկանց հոսքը ՈՄԱ չի պակասում, գմբեթների քանակն ավելանում է։ Մարդիկ զարմանում են, որ մենք ամրություն ենք կառուցում, ինչպես կարելի է քարեր շպրտել մեր ուղղությամբ, երբ նույն Թուրքիան մեզ ահաբեկիչ է հռչակում, նշանակում է, որ վտանգ է զգում մեզանից», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ՈՄԱ հասարակական կազմակերպությունը Գմբեթ-2 անունը ստացած ամրաշինական կառույցների համար դրամահավաք էր հայտարարել՝ նշելով, որ դրանով պաշտպանական երկրորդ գծում հենակետեր են կառուցում։
Պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապն այդ աշխատանքների հետ՝ նշելով, որ աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ Ավելին, ըստ ՊՆ-ի, կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով. այն շարքից դուրս է եկել, և դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է։
ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատուի խոսքով՝ ՊՆ-ն լիազորված չէ թույլ տալ կամ չտալ կազմակերպության կողմից դրամահավաք։ Ինչ վերաբերում է պաշտպանական առաջին գծին՝ նշեց, որ պաշտպանական 2-րդ, 3-րդ, 4-րդ, մնացած գծերում, որոնք իրենց վերահսկողության տակ չեն, ՈՄԱ-ն թույլտվություն վերցրել է գյուղացիներից, համայքնապետարանից և բոլոր նրանցից, ովքեր իրավասու են թույլտվություն տալ։
«Իրենց վերհսկողության տակ գտնվող առաջնագծում մենք ոչ մի ինժեներական կառույց չենք կառուցել ու չենք կառուցելու, որովհետև իրենք դա անում են։ Իսկ հայտարարությունը, թե չի անցել փորձությունը, Անգին Խաչատրյանը նշեց, որ ապատեղեկատվություն է։
«Երբ զանգում են ՊՆ թեժ գծին և գմբեթի նախագծից հարցնում են, ասում են՝ քրեական վարույթ կա ՈՄԱ-ի վրա, կոչ ենք անում դրամներ չփոխանցել։ Հիմա ինչպես թեժ գիծն է ապատեղեկատվություն տարածում, նույնն էլ գմբեթների փորձարկման հետ կապված անճշտություն է եղել։ Իրենք նշում են, որ Գմբեթ 2-ը փորձարկվել է ու պիտանի չի, բայց վիդեոները մեզ մոտ են՝ ինչպես է փորձարկվել, ինչ տրամաչափի զենքերով, ինչը որ թույլատրելի չի նշված կառույցի համար և ինքը բավականին ամուր է։ Այն, ինչով փորձարկվել է, բավականին ամուր է մնացել, մինչդեռ իրենք նշում են, որ պիտանի չեն, դա ևս ապատեղեկատվություն է», - ասաց նա։
Ըստ ՈՄԱ-ի խոսնակի՝ 2022թ.-ին Ջերմուկի դեպքերից հետո, իրենց փորձագետները, որոնք նաև պատերազմի մասնակիցներ են, այդ թվում՝ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի, հասկացել են, որ բանակի թիկունքը՝ երկրորդ, երրորդ գիծը բաց է, և շատ հեշտությամբ թշնամին կարող է հասնել տներ։ «Դրա համար իրենք հանձն առան պաշտպանական կառույցը իրագործելու, որը հնարավորություն է տալու աշխարահազորայիններին և բանակին պատերազմի դեպքում ունենալ ամուր թիկունք, այսինքն՝ դա իրենց համար է արվում, մեզ բոլորի համար է արվում, ու ՊՆ-ն հիմա քարեր է շպրտում մեզ վրա, այն դեպքում, երբ մենք իրենց թիկունք ենք», - ասաց նա։
Անգին Խաչատրյանի խոսքով՝ մինչև այժմ կառուցվել է 200 գմբեթ. մոտավոր մեկ գմբեթի արժեքը 930 000 դրամ է կամ 2300 դոլար. «Բայց որպեսզի մենք ունենանք անվտանգ Հայաստան, այսինք՝ պաշտպանված ամրոց ու Արցախի օրը չընկնենք, մեզ պետք է 4700 գմբեթ», - ասաց նա՝ նշելով, որ բոլորի ուղարկած գումարն է հասնում և հասնելու իր նպատակին։
Իսկ թե նախքան այս տարաձայնությունը ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ որևէ համագործակցություն ունեցե՞լ է՝ ՈՄԱ-ի հանրային կապերի պատասխանատուն ասաց, որ միայն պատերազմի ժամանակ, երբ դարձան գումարտակ, և 25-օրյա վարժանքների ժամանակ։