07/11/2023 13:23
Երեք հոգի հրաժարվեցին պատգամավորական մանդատից՝ ի աջակցություն Լևոն Քոչարյանի. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը չի կարծում, որ ՀՀ գլխավոր դատախազն այնքան կանլրջանա, որ մտնի ԱԺ և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն։
«Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազն այնքան անլրջանա, այնքան իր հեղինակության հետ խաղա, որ մտնի ԱԺ և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն, բայց ես կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ ու գործը շարունակելու թույլտվություն խնդրեն, սա չեմ կարող բացառել», - լրագրողների հետ զրույցում ասաց Նազարյանը:
Պատգամավորը խորհուրդ չի տալիս գնալ դրան. «Առանց այն էլ մեր երկիրը այս սարքովի գործերով թուլանում է»։
Նազարյանն ասաց, թե չի կարծում, որ Լևոն Քոչարյանը կալանքից ազատվելու համար է վերցրել պատգամավորական մանդատը։
«Մեկնաբանել, որ Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է մանդատ վերցնել, համաձայն չեմ։ Հիմա կհարցնեք՝ բա ինչո՞ւ երեք հոգի հրաժարվեցին մանդատից, այո՛, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ», - հավելեց Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
ԿԸՀ նիստում հաստատվեց՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, նրան մանդատ տրվեց։
Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա չէր կարող պահվել անազատության մեջ։
Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր. նրա նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել, մինչդեռ, տեսանյութերում երևում է, որ ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները բռնություն են գործադրում Քոչարյանի նկատմամբ։
Նա տեղափոխվել էր հիվանդանոց։ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։