07/11/2023 15:25
Բոլոր նման վարույթներն ընդդիմադիրների մասին են, ընդդիմադիրների դեմ կոչերով վարույթ չկա. Մելիքյան
Շատ տարակուսած եմ դատարանի որոշումից, որովհետև ես նման բան չեմ տեսել, որ դատարանը քննիչից առաջ գնա, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քննիչը բացակայելու արգելքն ընտրել էր զուտ գրավը ապահովելու համար, հիմա դատարանը, փաստորեն, դա դարձրեց ինքնուրույն խափանման միջոց։ Լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն կա, դատարանը դրանք չներկայացրեց, դա կարող էր աշխատել այն պայմաններում, երբ Արմինե Ադիբեկյանը մի վատ բան արած լիներ։ Չկա նման բան։ Չեմ կարծում, թե սա աշխարհի վերջն է, որովհետև այնպես չէ, թե Արմինե Ադիբեկյանն ամեն օր երկրից հեռանում է», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, թե այս և նմանատիպ գործերում ամենակարևոր հատկանիշը խտրական մոտեցումն է։
«Բոլոր նման վարույթներն ընդդիմադիրների մասին են, որևէ նման վարույթ չկա ընդդիմադիրների դեմ կոչերի կապակցությամբ», - ասաց Մելիքյանը։