07/11/2023 22:06
Չինաստանը որոշել է հարթել տարաձայնությունները Ավստրալիայի հետ
Պեկինը պատրաստ է հարթել Կանբերրայի հետ իր տարաձայնությունները, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, հայտնել է ՉԺՀ Կենտրոնական հեռուստատեսությունը։
«Չինաստանը պատրաստ է Ավստրալիայի հետ երկխոսություն ձևավորել՝ փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ոգով, խորացնել քաղաքական փոխվստահությունը և պատշաճ կերպով լուծել տարաձայնությունները»,- ասել է Չինաստանի վարչապետը։։
Լի Ցյանը նշել է նաև, որ չին-ավստրալիական համագործակցությունը մեծ ներուժ ունի։
Ավստրալիայի վարչապետի մակարդակով այցը Չինաստան առաջինն է՝ վերջին 6 տարվա ընթացքում, կողմերը այն համարել են ևս մեկ քայլ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ավստրալիայի և Չինաստանի միջև տարաձայնությունները սրվել են այն բանից հետո, երբ Կանբերրան հայտարարել է, որ չինական ընկերությունների կողմից 5G ենթակառուցվածքներ կառուցելու ծրագրերը ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացնում։ Ավստրալիան հետագայում պահանջել է նաև Կորոնավիրուսի համավարակի ծագման պատճառների միջազգային հետաքննություն անցկացնել։ Չինաստանն, ի պատասխան սրա, որոշ սահմանփակումներ է մտցրել Ավստրալիայի հետ տնտեսական հարաբերություններում։