07/11/2023 18:12
Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է ․․․ Նիկոլայ Ծատուրյան
Վերջին շրջանում Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր է ավելանում, գրել է «Հրապարակ»-ը։
Այսօր տեղեկացանք, որ ֆեյսբուքում «բռնության կոչեր» անելու համար կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»: Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն 5 ամիս անց հայտնաբերել է այդ գրառումը, մտածել է, որ այն բռնության կոչ է պարունակում (հավանաբար՝ սերունդներին ուղղված, քանի որ եթե 5 ամսում այն հետեւանք չի ունեցել, ուրեմն դա մեր ժամանակակիցներին չի ուղղված) եւ ձերբակալել են Ախոյանին, մտել դատարան եւ որ ամենասոսկալին է՝ այս մեղադրանքի հիման վրա դատարանն Արագած Ախոյանին մեկամսյա կալանք է սահմանել։
Հայաստանը մի քաղբանտարկյալով էլ «հարստացավ»։ Ի՞նչ կարծիք ունեն այս իրադարձությունների մասին, այսպես կոչված, հայրենի մտավորականները՝ գրողներ, դերասաններ, երաժիշտներ, գիտնականներ, ռեժիսորներ և այլն:
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դասախոս Նիկոլայ Ծատուրյանին, ով հայտնի է իր իշխանամետ հայացքներով:
- Պարոն Ծատուրյան, ի՞նչ կարծիք ունեք ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց կալանավորելու հանգամանքի հետ կապված:
- Ոչ մի բանի չեմ հետևում, չգիտեմ, երկու բեմադրություն եմ անում ու ամբողջ օրը զբաղված եմ դրա ուղղությամբ: Ժամանակ չկա ուրիշ բաներով զբաղվելու:
- Այսինքն` ոչ մի բանի չե՞ք հետևում:
- Չէ, հիմա չեմ հետևում:
- Իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք:
- Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք:
- Այսինքն` Արցախի հետ գործ չունե՞ք:
- Ամեն ինչի հետ գործ չունեմ: Ես երկու բեմադրություն եմ անում, առավոտից երեկո փորձերի մեջ եմ:
- Իսկ եթե մի օր պատերազմը մեր դուռը թակի և հայրենիք չլինի, որտե՞ղ եք ձեր բեմադրություններն անելու:
- Լավ, վերջացավ, ցտեսություն: