Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։
Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով էր հանդես եկել, ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել էր արդարացնել իրեն:
Խաչատրյանի փաստաբանը, որն ադրբեջանցի է, նույնպես դատարանին խնդրել էր արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։
Գործով մեղադրող դատախազը, սակայն, պահանջել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին։ Նա նշել էր, որ պատժի առաջին 5 տարին պետք է Խաչատրյանը անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ «խիստ ռեժիմի գաղութում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: