07/11/2023 20:03
Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած շինծու դատավարության արդյունքում կայացված դատավճռին։ Նա մեջբերել է 68-ամյա տղամարդու խոսքերը՝ «Ես անմեղ եմ»։
«Չնայած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է ԱԳՆ խոսնակը:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին հուլիսին՝ Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից»։ Նա վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան պետք է տեղափոխվեր։