07/11/2023 17:56
Ադրբեջանի կողմից իսրայելական Pegasus-ով Հայաստանի քաղաքական, հանրային գործիչներին գաղտնալսելու փաստերով ՀՀ ԱԱԾ-ն քննություն չի նախաձեռնել․ «Փաստինֆո»
Իսրայելական «Պեգասուս» (Pegasus ) լրտեսական ծրագրով Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու և գաղտնալսելու փորձերը ՀՀ իրավապահների կողմից, օրենքով սահմանված կարգով, իրավական գնահատականի չի արժանացել, անգամ վարույթ չի նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ «Պեգասուս» ծրագրով հարձակումների մասին։ Նման ահազանգեր ՀՀ քաղաքացիները՝ հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները ստանում են բազմիցս։ Հայտնի է ավելի քան 20 անձանց գաղտնալսման մասին։ Ընդ որում, գաղտնալսումներն իրականացվում են նաև Ադրբեջանից։ ԵԽԽՎ թիվ 2513 բանաձևում նշվել է Ադրբեջանի կողմից ՀՀ առնվազն 12 գործչի գաղտնալսելու մասին, արձանագրվել, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրն Ադրբեջանի կողմից որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ է: Այլ խոսքով՝ Ադրբեջանը դա կիրառում է որպես կիբերզենք։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե ԱԱԾ-ում քանի քրեական վարույթ է նախաձեռնվել վերոնշյալ ծրագրով ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ պետական, քաղաքական, հանրային գործիչներին գաղտնալսելու կամ գաղտնալսման փորձերի դեպքերի առթիվ, քանի անձ է տուժող ճանաչվել և արդյոք քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիների գաղտնալսման դրվագով, սակայն, ինչպես պարզվել է՝ ոչ։ Հանրային, քաղաքական գործիչներին նաև Ադրբեջանի կողմից գաղտնալսելու դեպքերը բացահայտելը ՀՀ ԱԱԾ օրակարգում չկա, կամ էլ հրահանգ չկա բացահայտելու, կամ էլ հրահանգ կա՝ չբացահայտելու։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարցմամբ նշված հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթ չի իրականացվում»,- նշված է ԱԱԾ պատասխանում։