07/11/2023 09:38
«Հրապարակ». Ինչով է բացատրվում ագրարային համալսարանի ռեկտորի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթ: Այս պաշտոնին հավակնում է գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը: Հավանաբար, Ուռուտյանը կրկին կընտրվի, քանի որ յուրայինների շրջանում հայտարարել է, որ վայելում է իշխանության վերին էշելոնների աներկբա աջակցությունը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ առաջադրվելու ցանկություն ունի նաև չորս պրոռեկտորներից մեկը:
Ըստ երևույթին, այս առաջադրումն արվելու է ընտրությունների մրցակցային իմիտացիան ապահովելու նպատակով: Թե ինչով է բացատրվում Ուռուտյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը, առավել ևս` ինչու է իշխանությունը որոշել նրան աջակցել, շարքային քաղաքացուն և հատկապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմին անհայտ է, քանի որ նրա իրականացրած «բարեփոխումների» հետևանքով վերջին 5 տարիներին շեշտակի նվազել է ուսանողների և աշխատողների թիվը, կան ֆակուլտետներ, որտեղ գեթ մեկ ուսանող չի դիմել: Օրինակ, միասնական քննությունների արդյունքում անցած տարի համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 38, այս տարի առկա համակարգ՝ 54, հեռակա համակարգ՝ 26 դիմորդ»։