07/11/2023 09:51
«Փաստ». Ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են «Ապրելու երկիր» կուսակցությունում
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը շատերի համար անակնկալ էր: «Փաստը» փորձեց ճշտել՝ ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են այսօր կուսակցությունում: «Մենք բազմաթիվ համայնքներում հաղթել ենք, շատերում նշանակալի ներկայացվածություն ապահովել։ Երևանը ևս Հայաստանի համայնքներից է, որտեղ այս փուլում «Ապրելու երկիրը» որոշակի անակնկալ անհաջողություն է ունեցել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն քաղաքական գործունեությանը երբեմն բնորոշ են անակնկալները»,- «Փաստի» հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Հարցնում ենք՝ արյդուամենայնիվ, ընտրություններից հետո ինչպիսի՞ զարգացումներ են կուսակցության ներսում։ «Նորմալ, առողջ ներկուսակցական մթնոլորտ է, քննարկումների և կուսակցական կառույցների ակտիվացման փուլում ենք։ Հաղթանակները հնարավորություն են՝ ցուցադրելու կառավարման հմտությունները և հնարավորությունները, ինչը մենք արել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ստանձնել ենք կառավարումը, իսկ պարտություններն ու անհաջողությունները շանս են վերլուծելու թերություններն ու պատճառները»,- նշեց Առաքելյանը։
Մեր զրուցակցի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին իրենք փորձեցին տալ գլխավոր ուղերձը` ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ինչն «Ապրելու երկիրը» հաջողությամբ իրականացրել էր այլ համայնքային ընտրությունների ժամանակ, պարզապես քաղաքական վայրիվերումներից հոգնած հանրությունը չգնաց ընտրությունների և հաջորդ օրը անակնկալի եկավ՝ տեսնելով ուղերձի իրավացիությունը։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ քիչ թե շատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, «Ապրելու երկիրն» անհամեմատ բարձր քվեներ է ստացել»,-ասաց կուսակցության համահիմնադիրը։
Հարցին՝ կուսակցությունում տրամադրվածությունները փոխվե՞լ են ապագա գործընթացների նկատմամբ, Առաքելյանը պատասխանեց. «Բացարձակ, պատրաստվում ենք ապագա պրոցեսներին՝ միևնույն ժամանակ ակտիվ աշխատելով այն համայնքներում, որտեղ ունենք ներկայացվածություն»»։