08/11/2023 13:20
Արցախի նախագահ Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներին։
Մասնավորապես գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին»։