08/11/2023 16:48
Կապիտալը գնում է նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ բոլոր ճանապարհները ՀՀ-ի դեպքում տանում են դեպի ՌԴ. Տնտեսագետ
Կապիտալը գնում է նվազագույն դիմադրության ճանապարհով, իսկ, ինչպես ասում են, «բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ», մեր դեպքում՝ ՌԴ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի հետ ՌԴ առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճին։
«ՌԴ-ն ՀՀ-ի խոշորագույն ներդրողներից է, չմոռանք, որ ենթակառուցվածքների 60-70%-ը ռուսական ընկերությունների կամ պետության սեփականությունն է։ Երբ այսօր հանրային ընկալման մեջ զանգվածային տոտալ հարձակում է տեղի ունենում, պետք է անպայման հիշել պատմությունը՝ ինչ հետագիծ է ձևավորվել երկու երկրների ենթակառուցվածքների մասով, ինչպես է մասնավորեցվել ՀՀ-ի էներգետիկ համակարգը, կապի համակարգը, ենթակառուցվածքները, երկաթուղին, լոգիստիկ համակարգերը, գազատար բաշխիչ ցանցը։ Իսկ դրանք տասնամյակների պատմություն ունեն և, բնականաբար, այդ համակարգերը աշխատում են, էլ չեմ ասում պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված կարևոր ձեռնարկությունները։ Դրան գումարած՝ բիզնեսի առևտրաշրջանառության ծավալները, մասնավոր տրանսֆերտները՝ ՌԴ-ից», - ասաց նա։
Տնտեսագետը հիշեցրեց, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ երկիր, և փոխարենը ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունները և ներդրումներն, ըստ էության, դեպի կրճատման են գնում՝ հաշվի առնելով GSP+ արտոնյալ համակարգից դուրս գալու հանգամանքը։
Ատոմ Մարգարյանը նշեց․«Այսօր աշխարհում գլոբալ կառավարելի քաոս է, և այն մաքսային իրողությունները, որ գոյություն ունեն, հնարավոր չէ անտեսել, ինչպիսին էլ լինեն դեպի եվրոպական շուկաներ կողմնորոշումները, վերակողմնորոշման ցանկությունները։ Եվրոպան, համենայն դեպս այսօր, խայտառակ վիճակում է՝ կապված էներգակիրների դեֆիցիտի, ուկրաինական պատերազմի ֆինանսավորման, մարդկանց կապիտալի, տեխնոլոգիական հոսքի սահմանափակումների հետ։ ԵՄ-ն դարձել է ածանցյալ գործոն ԱՄՆ-ից։ Այնպես որ, նորմալ է, ես այդ աճի թվերի վրա չեմ զարմանում, ինչքան էլ քաղաքական գործիչները, կառավարությունները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում ինչ-որ խաղեր տան, իրականությունն այս է և չենք կարող այս շրջանակից դուրս գալ»,-ասաց նա։
Թե ինչով է պայմանավորված Հայաստանից Ռուսաստան արտահանման 85%-ով աճը, որն արտահանման ամբողջ ծավալի 51%-ն է, արդյո՞ք ՀՀ-ն ունի նման արտադրական պոտենցիալ՝ Ատոմ Մարգարյանն արձագանքեց. «Ո՛չ, արտադրանք չկա, դա նույնն է, դեռ մի բան էլ նվազել է։ Արդյունաբերության մեջ ՀՆԱ-ի աճին համադրելի աճ չկա։ Նույն խնդիրը առկա է գյուղտնտեսության ոլորոտում։ Այդ արտահանումների աճը վերջին 1,5 տարում պայմանավորված է վերաարտահանումների գործոնով։ ՀՀ-ն վեր է ածվել մի խողովակի, որով երրորդ երկրներից ապրանքը մտնում է Հայաստան, կամ վերաբրենդավորվում է, կամ ուղղակի վերաարտահանվում է»,-ասաց նա և նշեց, որ ՌԴ-ի դեմ սանկցիանները աշխատում են որոշ իմաստով ՀՀ-ի օգտին։
«Բայց այդ, սանկիցաները բումերանգի էֆեկտ կարող են տալ, որովհետև պատժամիջոցների տակ ընկած ապրանքախմբեր կան, որին ուշիուշով հետևում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոց սահմանած երկրները, և արդեն որոշակի օրինակներ կան, որ որոշ գործարարներ ընկել են հնարավոր պատժամիջոցների թիրախում, մասնավորապես, սմարթֆոններ, էլեկտրոնային այլ ապրանքներ, բարձր տեխնոլոգիական ապրանքների վերաարտահաման մասով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ աճի թվերը խաբուսիկ են։
«Այսօր, եթե հիպոթետիկ պատկերցնենք, որ ուկրաինական պատերազմը դադարում է կամ զինադադար է, մեր տնտեսությունը միանգամից կհայտնվի ողբալի վիճակում, որովհետև այս աճերը հիմնված են շինարարության, առևտրի և ծառայության ոլորտների վրա։ Ռեալ սեկտորը՝ աշխատատեղերը գտնվում են շատ ծանր վիճակում՝ կապված նախ ռուբլու արժեզրկման հետևանքների հետ, իսկ ռուբլին 60-70 տոկոս այս մեկուկես տարում արժեզրկվել է, և խփել է իրական հատվածի արտահանումներին»,- ասաց նա։