08/11/2023 19:51
«Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ զորքեր տեղակայել ու Հայաստանի սուվերեն տարածքում ագրեսիա իրականացնել»․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյան
Դու չես կարող խաղաղության պայմանագիր ստորագրել ու ասել՝ եկեք այսպես ապրենք. դա անհնար է, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Երբ Ադրբեջանն զգա, որ իր ռազմական պոտենցիալը և քաղաքական բաղկացուցիչ մասը միասին էապես գերակշռում են Հայաստանի ռազմական ու քաղաքական ներուժին, այդ ժամանակ ինքը ռազմական գործողությունների կդիմի: Հիմա այդպես չէ: Ճիշտ է՝ իրենց ռազմական պոտենցիալը շատ մեծ է մերից, բայց մեր քաղաքական բաղկացուցիչը շատ մեծ է իրենցից, հետևաբար, հավասարակշռությունը կա»,-ասել է Աղազարյանը։
Հարցին, թե որտե՞ղ է երևում Հայաստանի քաղաքական բաղադրիչի մեծ լինելը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Այսօր Ադրբեջանը, Թուրքիան, ինչ-որ տեղ նաեւ Ռուսաստանը անթաքույց սպառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Այս վիճակը գերտերությունների և ընդհանրապես քաղաքակրթությունների համար անընդունելի է: Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել ու Հայաստանի սուվերեն տարածքում ագրեսիա իրականացնել: Ես դա չեմ բացառում, բայց դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է նա: